National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.02.2013
Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպեց Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 15-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Պրիիտ Տուրկի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակություն հայտնեց, որ հայ-էստոնական հարաբերությունները դրական հունով են ընթանում եւ այդ փոխգործակցության ակտիվացման համար կարեւորեց երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է հայ-էստոնական բարեկամական խումբ: Միաժամանակ նշեց, որ հրավիրել է իր էստոնացի գործընկերներին՝ այցելելու Հայաստան եւ համատեղ քննարկելու երկու խորհրդարանների համագործակցության հեռանկարները: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է ԱԺ նախագահի այցը Լատվիա եւ Էստոնիա, ինչը լավ հիմքեր կստեղծի հայ-էստոնական հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացման համար:

ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ կարեւորվել է երկու երկրների՝ տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես միջխորհրդարանական կապերի զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: Նա տեղեկացրեց, որ մայիսի 1-5-ը նախատեսվում է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը Երեւան: Գարնանը Հայաստան  կայցելի նաեւ Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը:

Անդրադառնալով ԵՄ-ին ինտեգրմանն ուղղված Հայաստանի քայլերին՝ դեսպանն արձանագրեց, որ այդ բանակցություններում Հայաստանը Վրաստանի եւ Մոլդովայի հետ առաջամարտիկներից է, ինչը Էստոնիայի իշխանությունները ողջունում են եւ պատրաստակամություն հայտնում աջակցելու այդ գործընթացների էլ ավելի զարգացմանը: Նա առաջարկեց օգտվել Էստոնիայում գործող արեւելյան գործընկերության կենտրոնի ընձեռած հնարավորությունից: Կենտրոնը հայ գործընկերներին օգտակար կարող է լինել փորձի փոխանակության, մասնագետների վերապատրաստման ու ուսուցման ասպարեզներում:

ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Հայաստանի՝ համակարգային ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերը ինքնանպատակ չեն: «Այն միանգամայն բխում է մեր ժողովրդի շահերից ու մեր երկրի զարգացման հեռանկարից», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը դրական գնահատեց ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Էստոնիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշման եւ խնդիրը Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծմանն աջակցելու համար՝ նշելով, որ ԼՂՀ ապագան պետք է որոշեն արցախցիները:

Դեսպանն իր հերթին վերահաստատեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ առաջիկա նախագահական ընտրություններին՝ հավաստիացնելով, որ երկրի իշխանություններն անում են առավելագույնը ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու համար՝ շատ լավ հասկանալով, որ այն լինելու է երկրում անշրջելի ժողովրդավարության կարեւորագույն պայմաններից մեկը:

Կողմերը կարեւորեցին երկկողմ ձեւաչափով եւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումն ու դրան ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am